Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ավելի բան չենք ուզում` միայն արժանապատիվ խաղ

Ավելի բան չենք ուզում` միայն արժանապատիվ խաղ
12.10.2012 | 11:27

Այսօր Հայաստանում ֆուտբոլային խոշոր իրարանցում է:
Սրտանց կուզեի գրել` ֆուտբոլային տոն է, սակայն ոչ թե չուզվորություն արեցի, այլ ձեռքս չգնաց. ախր ուժերի անհավասարությունը չափազանց մեծ է:
ՈՒժերի այս անհավասարությունն է, որ գոցում է բերանս, թե չէ Հայաստանում Բուֆոն, Պիռլո, դե Ռոսի, Բալոտելի, ֆուտբոլային այլ մեծամեծներ տեսնելն ինչո՞վ տոնի հավասար ու դեռ մի բան էլ ավելի չէ: Ի վերջո, եթե անուններն էլ թողնենք մի կողմ, Հայաստան են եկել աշխարհի քառակի չեմպիոնները, ու, թեկուզ միայն այս կտրվածքով, սա արդեն խոշոր իրադարձություն է, պատմություն:
Ընթերցողը, հավանաբար, կուզի իմանալ խաղի մասին մեր համեստ անձի կանխատեսումը: Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, իմ հույսը հինգ բանում է`
ա. Իտալիան անկանխատեսելի թիմ է և իր այս որակական հատկանիշով մեզ կարող է հույսի համեստ բաժին թողնել,
բ. որքան էլ շատ ժամանակ է անցել, այնուամենայնիվ, կհիշեն, որ մենք Տիգրան Մեծի շառավիղներից ենք, Հռոմն էլ Երևանի պուճուր ախպերն է,
գ. Պլատինին հենց այնպես չէր եկել Հայաստան ու հենց այնպես չգնաց Հայաստանից,
դ. Հայաստանում մեռելոցի առանց այն էլ շատ օր կա,
ե. Վարդան Մինասյանը տակտիկական նոր մտահղացումներ չի իրականացնի:
Այս հինգից թեպետ մեկն է ֆուտբոլային («ե» կետը չափազանց մեծ պայմանականությունների գնով կարելի է համարել ֆուտբոլային), բայց և այնպես:
Իսկ եթե ավելի լուրջ, մեր տղաներից ընդամենը մի բան է պահանջվում` չերկնչել ու պարզապես խաղալ: Խաղալ, ինչպես անցած տարի էին խաղում ու, եթե պարտվել, ապա մի պայմանով` չկոտրվելու:
Էլի եմ ասել, նորից եմ ասում` մեր կոտրելու ժամանակն էլ կգա: Պարզապես մի քիչ համբերել է պետք: Փառք Աստծո, փայլուն տղերք ունենք, որ դրսերում եղանակ են ստեղծում, «հայկական ռմբակոծիչ» անունն են վաստակել (ի դեպ, Հենրիկ Մխիթարյանը Բուֆոնին չխփած մի գոլ պարտք է): Եթե դրսերում հանդես եկող մեր հրաշք տղերքի կողքին մեր ֆուտբոլային ակումբներն էլ հասունանան, քաշ ու կշիռ հավաքեն, ապա դրսով ու ներսով կարող ենք սարեր շուռ տալ: Մեզ ի՞նչ է եղել: Էն է` Հայկը Բելին չտվե՞ց գետնին:
Կարող ենք, կարո՛ղ ենք խաղալ:
Համ էլ ուժեղների դեմ պայքարելուց է ուժ կուտակվում:
Հեչ չմտածեք` լավ է լինելու:
Առաջն Աստված:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ